Ցանկանում էին նորովի, բայց ստացվեց ինչպես միշտ
12.09.2019 | 23:25
Հապշտապ, ոտքի վրա ձևավորված խորհրդարանը, ցավոք, ոչնչով չի տարբերվում նախորդ գումարման օրենսդիր մարմնից, չնայած այդ բառն անգամ շռայլություն է մի կառույցի համար, որում ներգրավված մարդկանց միայն չնչին մասն է օրենք ստեղծելով զբաղված: Իշխանափոխությունից հետո հասարակությունը սպասում էր, որ Ազգային ժողովում կհայտնվեն բոլորովին նոր ասելիքով ու մտածողությամբ պատգամավորներ: Մարդիկ ուզում էին հոգով վեհ, կայացած, հավակնոտ, բանիմաց ու խորագետ մարդկանց տեսնել, որոնք նոր որակ կհաղորդեին մինչ այժմ եղած՝ «շիշը կտամ գլխիդ, համբա՛լ», կամ «դիշովկեն դու ես, արա՛» տեսակի խորհրդարանին: Նշաձողից մշտապես ցածր լինելը, կարծես, Ազգային ժողովի դժնդակ ճակատագիրը լինի: Կրքերի ու չբացատրված ամբիցիաների պակաս այստեղ չկա: Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետներն ու տեսաբանները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էին տալիս սպասել ևս մի քանի ամիս, մինչև հանդարտվեն իշխանափոխությունից հետո ալեկոծված կրքերը, մշակվեն ընտրական ու կուսակցությունների մասին օրենսգրքերը, քաղաքական դաշտում բյուրեղացումներ լինեն, նոր միայն գնալ արտահերթ ընտրությունների: Նրանք քաջ գիտակցում էին, որ շտապողականությունը հանգեցնելու է նրան, որ երկրի օրենսդիր թիվ մեկ հարթակում հայտնվեն այնպիսիները, որոնք նախկինների նման ուղղակի կոճակ սեղմող են լինելու:
ԱԺ 7-րդ գումարման աշնանային նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են մանդատը վայր դնելու ու խմբակցությունից դուրս գալու դեպքերով: Երևույթը, կարծում եմ, շարունակական կլինի, քանզի հենց իշխանական «Իմ քայլում» քայլած երիտասարդները միմյանց հանդուրժելու ու մրցակցության խնդիր ունեն: Մի բարի օրի չէ նաև ընդդիմության վիճակը. առավել ընդդիմադիր երևալու մոլուցքը որևէ կերպ տեղի չի տալիս: Միմյանց վրա պարբերական դարձած հարձակումներից օգտվում է մեծամասնությունն ու դա դարձնում հասարակությանը զբաղեցնելու թեմա, ասելով` տեսեք, մենք ենք միակ ճշմարիտը:
Խորհրդարանի մթնոլորտը նույնպես չի փոխվել: Պատգամավորների կոնկրետ խմբի համար ամենասիրելի վայրը ճաշարանին հարակից ծխարանն է՝ նիստերից «թռչելու» լավագույն հանգրվանը: Մեկ այլ խումբ խորհրդարան է գալիս գորգերի վրայով քայլելու և օծանելիքի բույրը միջանցքներով տարածելու համար: Միշտ «ահավոր խառն եմ, ախպե՛ր ջան» ասողներ էլ կան, ժամանակ չունեն, տղայական «լուրջ» գործերով են զբաղված: Հարցազրույցներից խուսափելու մասին էլ ավելորդ է խոսել: Ժողովրդից մանդատ ստացածները չեն ցանկանում խոսել՝ պատճառաբանելով, թե կոմպետենտ չեն, նիստի են շտապում, մեկը մյուսի վրա են գցում, և այսպես շարունակ: Իհարկե, կան նաև պարկեշտ, միշտ պատրաստակամ, համեստ ու իրոք իրենց գործին նվիրված անհատներ, բայց նրանց, առանց չափազանցության, մատների վրա կարելի է հաշվել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ